ՁՈՆ
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
- Քեզի ընծա՜, ի՛մ հայրենիք -
Սոսյաց անտառեն էի զայն կտրեր…
— Քեզի ընծա՜, հի՛ն հայրենիք —
Եղեգնյա գրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու՛յս ելաներ:
Եղեգնյա գրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հա՛յ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծղոտ…
— Ձեզի ընծա՜, հե՛գ պանդուխտներ —
Եղեգնյա գրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:
Եղեգնյա գրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի՛ զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կնյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:
Եղեգնյա գրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜, հա՛յր ալեհեր —
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մա՛յր կարեվեր —
Եղեգնյա գրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հա՛յ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սրտերու հնոցի…
— Ձեզի ընծա՜, քա՛ջ մարտիկներ —
Եղեգնյա գրչով վրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
ՆԵՄԵՍԻՍ
Պաշտե դահանակե աչքերով Աստվածուհին, ո՛վ ժողովուրդ,
երբ բռնակալությունները կործանես, կործանե այլեւս զինքն ալ,
եւ դու՛ն բարձրացիր իր պատվանդանին վրա` շուշան մը ձեռքիդ մեջ:
Քերթողն հսկա, մրըրկավարս, հրաչվի,
Նվիրական արվեստանոցն իր մտավ,
Եվ փակեց լայն պողպատ դռներն հապշտապ.
Փակեց փողկերն երկնքին դեմ, որոնց նեղ
Ճեղքերուն մեջ մնացին
Արեգակին մազերն ոսկի, սանտրված:
Լեռնակուտակ զանգված մ’ընտիր մարմարի
Այդ շենքին մեջ մթնշաղ
Կսպասեր` ձևն հագնելու հին դյուցազնի.
Եվ կամ գուցե կհուսար
Որ աստղերեն իջնելով`
Պիտի աստված մը գա իր մեջ բնակիլ:
Զանգվածը այդ ապառաժ մ’էր բարբարոս`
Որուն մեջ դեռ կմնար
Կիսավեր բույն մը արծվի.
Եվ խորն իր մեկ խոռոչին
Օձ մ’էր ծվարած ու կննջեր հանդարտիկ:
Քերթողն ինքզինք պահ մ’անհունին մեջ հոգվույն
Ըզգաց Աստված:- Սոթտեց թևերը ջղուտ.
Ոսկեղեն մուրճը ափին մեջ, դժգույն, վեհ,
Մարմարին դեմ, գլխեբաց,
Հսկայի պես կանգնեցավ...
Նշմարեցին աչքերը ձեռք մ’այն ատեն
Մութին ծոցեն` կարկառուն`
Որ վիթխարի բռնած սափոր մը պարպեց
Խորն իր հոգվույն լայնալիճ
Տիեզերքին ստեղծահյութն հողաբույր:
Եվ քանդակեց, քանդակեց,
Եվ քանդակեց, քանդակեց:
Արվեստանոցին բյուզանդական գմբեթեն
Հույսի ձեթով լի սուրբի գանգ մը կախված
Կըլլար ջահն իր լուսատու:
Ան կտեսներ մարմարին շուրջը ձևված
Հզոր երազն` որ միս կառնուր և ծալքեր:
Մտածումն իր` այդ քարին կույս ծոցին մեջ՝
Իր արմատներն հուշիկ - հուշիկ կխրեր
Ծառի մը պես ձիթենի:
Եվ քանդակեց, քանդակեց,
Եվ քանդակեց, քանդակեց...
Ամեն մի բուռն հարվածին տակ հաղթ մուրճին`
Ինչպես թե ռումբ մը պայթող`
Ուղխ մը կայծեր, քարերու հետ խուռնախիտ,
Կանձրևեին պատերն ի վար խավարչուտ
Պսակի պես քայքայվող:
Դուրսն ողկույզներն հասմիկին
Կթափեին մուրճին մեն մի թնդյունեն
Փեղկերն ի վար իրենց կապույտ ծաղիկներ:
Եվ քանդակեց, քանդակեց,
Եվ քանդակեց, քանդակեց.
Մինչև որ բիրտ վայրենությունը քարին
Նվաճվեցավ, և ահա գլուխ մը կնոջ
Մարմարին մեջ թարմորեն
Ծաղկեցավ բա՛րձըր շուշանի մ’հանգունակ:
Չքնաղ էր ան, միանգամայն էր ահեղ.-
Հելլենական արձաններու կուրությամբ
Կհառեին խորունկ աչքերն` որոնց մեջ
Կարծես հոգին, անդունդն ի վեր մագլցող
Կարիճի պես` կամաց- կամաց կերևնար:
Եվ քանդակեց, քանդակեց,
Եվ քանդակեց, քանդակեց...
Բանաստեղծն իր բազուկին տակ կենսադրոշմ
Կփորագրեր կարծես քերթված մ’ահավոր.
Խոր ծալքերուն մեջ կյանք առնող մարմարին
Մեն մի հարված դաշնակություն մ’էր քնարի,
Հանգ մ’էր, տուն մ’էր, և կամ շեշտ մ’օդասլաց:
Մեն մի հարված ռըմբագոռ
Ըմբոստ երգ մ’էր ոսկի մուրճով երգված`
Որուն Աստված երկնքին մեջ կունկնդրեր:
Եվ քանդակեց, քանդակեց,
Եվ քանդակեց, քանդակեց,
Ու ավասիկ ճոխ գանգուրներն այդ կնոջ
Զերդ ողկույզներ իրար խռնված օձերու
Ուսերուն վրա թափեցան:
Կերտեց թիկունքն և թիկնամեջը շքեղ,
Կերտեց թևերն ամազոնի` որոնք թե՛
Կարող էին արձակել
Ոսկի փքինը սիրո,
Եվ թե՛ հրաշեկ կայծակը` տեգ մահընկեց:
Եվ քանդակեց, քանդակեց,
Եվ քանդակեց, քանդակեց...
Ո՛հ, ի՜նչ փույթ թե անցան անքուն գիշերներ
Եվ ցորեկներ` անդադար. —
Ծիծե՜րն ահա, ծիծե՜րն ահա արձանին,
Ա՜յնքան մաքուր կլորցված, պաղպաջուն,
Որ անշուշտ կաթն անոնց մեջ պետք էր ըլլալ
Կա՛մ լույս` սառած, և կա՛մ արծաթ` հալըված:
Կողերն ահա, ահեղորեն շնչավոր,
Որոնց ներքև կարծես արյամբ մեծնային
...